«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի հիմնադիր, սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Լևի Միքայելյանը օգոստոսի 29-ին կդառնար 97 տարեկան։
Կենսագրական տվյալներ
Ալեքսանդր Միքայելյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 29-ին, Թբիլիսում (1928-1991թթ.): Հայաստանում մի շարք ճյուղերի սիրտ-անոթային վիրաբուժության, պլաստիկ վիրաբուժության, հյուսվածքների և օրգանների փոխպատվաստումների հիմնադիրն է: Եղել է միջազգային, միութենական մի շարք գիտական խորհուրդների և ընկերությունների անդամ, «Արյան շրջանառություն» ամսագրի գլխավոր խմբագիր: 1953 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը, աշխատել Մոսկվայի 1-ին քաղաքային կլինիկական հիվանդանոցում, ԽՍՀՄ ԲԳԱ կրծքային վիրաբուժության ինստիտուտում, Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, ԽՍՀՄ ԳԱ Փորձառական կենսաբանության և բժշկության ինստիտուտի Սիբիրյան բաժանմունքի վիրաբուժական բաժնում, ապա արյան արհեստական շրջանառության լաբորատորիայում: Որպես սրտավիրաբույժ և գիտնական Ալեքսանդր Միքայելյանը ձևավորվել է իր կյանքի պատանեկան և երիտասարդական տարիներին՝ անցնելով վիրաբուժության դպրոց այնպիսի մասնագետների ղեկավարությամբ, ինչպիսիք էին Ա. Բակուլևը, Ե. Մեշալկինը, Բ. Պետրովսկին։ Նրա կայացման մեջ թե՛ որպես վիրաբույժի, թե՛ որպես գիտնականի էական դեր է խաղացել նաև համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիոլոգ Վ. Պարինի պաթոֆիզիոլոգիայի դպրոցը։ Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել ԽՍՀՄ-ի սիրտ-անոթային վիրաբուժության զարգացման գործում։ Նա Հայաստանի սիրտ-անոթային վիրաբուժության ու փոխպատվաստաբանության հիմնադիրն է։
1961 թվականին Հայկական ԽՍՀ-ի գիտությունների ակադեմիայի նախագահության կողմից Ալեքսանդր Միքայելյանը հրավիրվում է Հայկական ԽՍՀ ԳԱ-ի նորաստեղծ Սրտաբանության և սրտի վիրաբուժության ինստիտուտ՝ որպես սրտի վիրաբուժության բաժնի վարիչ՝ հանրապետությունում սրտավիրաբուժության ծառայություն կազմակերպելու համար։ 1974 թվականին, այդ մասնաճյուղի և ՓՊԿ–ի կառուցվող մասնաշենքերի հիման վրա Ալեքսանդր Միքայելյանը Անդրկովկասում ստեղծում է բազմապրոֆիլ բարձրակարգ մասնագիտացված խոշոր վիրաբուժության կենտրոնը՝ ԽՍՀՄ ԲԳԱ ՎՀԳԿ երևանյան մասնաճյուղը, միաժամանակ նաև՝ Ստեփանավանի առողջարանային վերականգնողական բաժինը։ Հեղինակ է ավելի քան 300 գիտական աշխատանքի:
Միքայելյանի կենդանության օրոք անգամ բոլորը ասում էին Միքայելյանի ինստիտուտ
Վիրաբուժության ինստիտուտի հիմնադրման պաշտոնական տարեթիվը համարվում է 1974 թվականը, թեև ակունքները գալիս են 1961 թվականից, երբ Ալեքսանդր Միքայելյանը հրավիրվել է Երևան, նրան նախ վստահվել է սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչի պաշտոնը, ինչի բազայի վրա ստեղծվեց Սրտաբանության, իսկ 1974թ՝ Վիրաբուժության ինստիտուտը։
Ինստիտուտը հիմնադրվել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության հրամանով, այն համարվում էր ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության համամիութենական կենտրոնի մասնաճյուղ։ Այդպիսի երեք կենտրոն կար, որոնցից մեկը՝ Երևանում։
Կարճ ժամանակ անց արդեն այն դարձավ Հայաստանի վիրաբուժության գիտական կենտրոն, միաժամանակ խոշորագույն բուժական հաստատություններից մեկը։
Այսօր էլ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում աշխատում են մարդիկ, ովքեր կանգնած են հիվանդանոցի հիմնադրման ակունքներում։
«Այս շենքի ստեղծմանը ես էլ եմ մասնակցել, իմ ձեռքով քարեր տեղափոխել, սարքեր տեղավորել»,-հուզմունքով պատմում է համալսարանական հիվանդանոցի անոթային վիրաբույժ Ռոբերտ Գրիգորյանը, ով պատիվ է ունեցել աշխատելու պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելանի հետ։
Նա աշխատում էր Ղրիմում, հրավիրել էին Երևան՝ գիտելիքը հայրենի բժշկությանը ծառայեցնելու համար։ Այսօրվա պես հիշում է Միքայելյանի հետ առաջին հանդիպումը։
«Վիրահատությունից նոր էր դուրս եկել, շատ հոգնած էր, մեր առաջին հանդիպում-զրույցը եղավ հենց աստիճանների վրա, մի քանի ժամ զրուցեցինք, հարցուփորձ արեց որտեղ եմ սովորել, ում հետ եմ աշխատում, անգամ կատակեց, թե գնացել, հասել էիր Թեոդոսիա, ծովանկարիչ դառնայիր, հետո էլ թե լավ եթե չես ուզում նկարիչ դառնալ, անպայման կհրավիրեմ Հայաստան, ու հրավերը չուշացավ»,-պատմում է բժիշկը։
1970-ականներին այսօրվա վիրաբուժության ինստիտուտը ընդամենը մի փոքր մասնաշենքում էր տեղակայված, երեք բաժանմունք կար՝ անոթային, սրտային և դիալեզի, երկու փոքր վիրահատարան, Ռոբերտ Գրիգորյանը հիշում է՝ բժիշկներն անգամ նստելու տեղ չունեին, իսկ հիվանդության պատմագրերը գրում էին աստիճանների վրա կամ ձեղնահարկում։ Այդ ժամանակ արդեն կառուցվում էր այժմյան մեծ մասնաշենքը։
«Մենք չգիտեինք շաբաթ-կիրակին ինչ է, Միքայելյանը զանգում էր՝ Ռոբերտ, տղաներով հավաքվեք, գնացեք կայարան, տեխնիկա ենք ստացել, գնում, կազմակերպում, բերում էինք այստեղ, Միքայելյանի հետ աշխատողները բոլորը մասնակցել են այս շենքը սարքելուն, ինքը՝ Միքայելյանը նստում էր շինարարների համար նախատեսված ժամանակավոր կացարանում։ Շատ քաղաքավարի, բարի մարդ էր, մեզ համար կարծես հայր էր, կարող էր եւ կշտամբել, բայց հիշաչար չէր, մեզ հետ աշխատում էր»,-պատմում է նա։
Միքայելյանի կենդանության օրոք անգամ բոլորը ասում էին Միքայելյանի ինստիտուտ, պատահական չէ, որ 1992 թվականին, բժիշկի մահից մի քանի ամիս անց, համախորհրդային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի մասնագետները դիմեցին իշխանություններին` իրենց ուսուցիչի անունը անմահացնելու առաջարկով։ Այսպես` Երևանում հայտնվեց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը։
Ռոբերտ Գրիգորյանը առանձնակի հիացմունքով և հպարտությամբ է հիշում, թե ինչ բացառիկ վիրահատություններ են կատարել այստեղ, մեկը մյուսի ետեւից թվարկում է եւ ասում՝ «սրտի հետ կապված ամեն ինչ առաջինն այստեղ է արվել»։
Այո, հենց Միքայելյանին էր վիճակված Հայաստանում կրելու սիրտ-անոթային վիրաբուժության հիմնադրի դափնին։ Նա առաջինն Անդրկովկասում կատարեց վիրահատություններ արհեստական արյան շրջանառության պայմաններում, այդ թվում՝ վիրահատություններ սրտի բարդ բնածին արատների ժամանակ։ Ինստիտուտի պատերի ներսում երկրում առաջին անգամ սկիզբ դրվեց օրգանների, մասնավորապես երիկամների փոխպատվաստման։ Նաեւ առաջինը կատարվեց ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան կղզյակների բետտա բջիջների փոխպատվաստում շաքարային դիաբետով հիվանդների մոտ։
Միքայելյանականները գիտեն, որ հիմնադրի նպատակն էր այս հիվանդանոցը դարձնել գիտական և պրակտիկ վիրաբուժության հզոր կենտրոն։ Այս ոգով նրանք աշխատել և աշխատում են տարիներ ի վեր։
Այսօր էլ, (2018 թվականից սկզբից) երբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի ՓԲԸ-ի բաժնեմասերի հսկիչ փաթեթը պատկանում է ԵՊԲՀ-ին, առաջնահերթություն է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեության համատեղումը։
Ոչ միայն տաղանադավոր բժիշկ էր, այլև շինարար, ստեղծող, աշխատասեր մարդ
Եգոր Հովհաննիսյանը ուղիղ 10 տարի աշխատել է Ալեքսանդր Միքայելյանի հետ, եղել է ինստիտուտի շինարարության գծով փոխտնօրենը:
Ծանոթությունը պատահական էր, կինը աշխատում էր լաբորանտ, դիմել էր հիվանդանոցի հանրակացարանում սենյակ ստանալու ակնկալիքով, տնօրենը հետաքրքրվել էր, թե ամուսինը ինչ մասնագիտություն ունի:
Իմանալով, որ ինժեներ-շինարար է, ասել էր, որ նման մարդկանց կարիք ունեն: Երկու օր անց արդեն Եգոր Հովհաննիսյանը ծանոթացավ Ալեքսանդր Միքայելյանի հետ, նրան անմիջապես շնորհվեց ինստիտուտի ավագ ինժեների պաշտոնը, ինչպես նաև հանրակացարանի մեկ սենյականոցի բանալին, երեք տարի անց արդեն՝ շինարարության գծով փոխտնօրենի պաշտոնը:
«Նա ոչ միայն տաղանադավոր բժիշկ էր, այլև շինարար, ստեղծող, աշխատասեր մարդ, ամբողջ օրը պրպտում էր, մի մասնաշենքի շինարարությունը չավարտած՝ ասում էր, վերջ, վաղվանից սա ենք սկսում անել: Նա հարգված պրոֆեսոր էր ԽՍՀՄ-ում, մի զանգով մեկ միլիոն ռուբլի էր բերում, բոլոր միջոցները կենտրոնացնում Միքայելյանում: Կենսուրախ մարդ էր, բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ, դրա համար կարողանում էր ներդրումներ բերել, խորհրդային շրջանում Միքայելյանը շինարարական ծավալներով առաջատարն էր, ամեն ինչով էր առաջատարը, եթե մյուս երկրներում հիվանդանոցներին գումարներ էին հատկացնում, չէր կառուցվում, երկար էր տևում, Միքայելյանում նման բան չկար, շենք-շենքի ետևից, շենացնում էր»,-պատմում է Հովհաննիսյանը:
Նա հիշում է, որ մահվանից մեկ շաբաթ առաջ Ստեփանավան էին գնացել, որտեղ հիվանդանոցի մասնաճյուղն էին կառուցում: Այդ անգամ, սովորականի պես, պրոֆեսորը չխմեց, ասաց՝ սիրտը լավ չի: Վերադարձի ճանապարհին արդեն, երբ Միքայելյանին Բյուրականում՝ իր տան մոտ իջեցնում էին, Հովհաննիսյանին առաջարկեց բարձրանալ տուն, նստել պատշգամբում, զրուցել, դրանից բացի՝ կինը՝ տիկին Լյուդմիլան կնեղանար, եթե իմանար, որ Եգոր Հովհաննիսյանը հասել է դռան մոտ, բայց չի բարձրացել: Նա հիշում է՝ պատշգամբում նստեցին, զրուցեցին, բայց էլի չխմեց Միքայելյանը, սիրտը լավ չէր:
Դրանից հետո Եգոր Հովհաննիսյանը Մոսկվա էր գնացել՝ հերթական կարևորագույն նախագիծը հաստատելու, միջոցներ բերելու համար, վերադարձին հիվանդանոցի աստիճաններին հանդիպեց պրոֆեսորին, վերջինս առաջարկեց զրուցել երկուշաբթի:
Ավաղ, չստացվեց, Միքայելյանը մահացավ կիրակի օրը, ինչպես Հովհաննիսյանն է ասում՝ «մարդկանց սրտերը վիրահատելով սրտամկանի ինֆարկտից մահացավ»:
Ալեքսանդր Միքայելյանին նվիրված անկյուն` ԵՊԲՀ պատմության թանգարանում
Բժշկական մեկդարյա բուհի թանգարանում տեղ գտած իրերը, հուշամեդալները, լուսանկարները, գրքերը, իր գրած աշխատությունները, ատենախոսությունների սեղմագրերը, նվիրաբերվել են ինչպես «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի նախկին ղեկավար, անվանի բժիշկ-գիտնական Համլետ Թամազյանի, այնպես էլ անվանի բժշկի կնոջ՝ բժշկական գիտությունենրի դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Շերդուկալովա-Միքայելյանի կողմից:
Այստեղ առանձնահատուկ շեշտադրված են նաև Ալեքսանդր Միքայելյանի մարդկային հատկանիշները, աշխատասիրությունը: 10-րդ դասարանը Թբիլիսիում ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և հենց առաջին կուրսից աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, տրամաբանությամբ և նպատակասլացությամբ: Երկրորդ կուրսից գիտական աշխատանքներ է սկսել իրականացնել և զուգահեր աշխատել է կլինիկայում, իհարկե սկզբից որպես սանիտար, բուժակ: Իրեն շատ սիրել են իր ուսուցիչները, դասախոսները, ղեկավարները: Ծնված և մեծացած լինելով Թբիլիսիում, կայանալով Մոսկվայում, նախընտրեց գալ Հայաստան և իր առաքելությամբ ծառայել ժողովրդին ու հայրենիքին:
Անցնելով մեծանուն սրտաբանների դպրոցը, լինելով հայրենասեր, նա թողել է իր բարեկեցիկ կյանքը ու մեծ հեռանկարները:
Բժիշկ-գիտնականի հայրենասիրությունը հետագայում փոխանցվել է նաև իր ազգությամբ ռուս կնոջը: Ամուսնու մահից հետո չի լքել մեր երկիրը՝ այն համարելով իր տունն ու հայրենիքը:
Նրանք հանրօգուտ գործունեություն էին ծավալել կնոջ հետ Սպիտակի երկրաշարժի տարիներին` հիմնելով «Գթություն» հիմնադրամը: Բժշկակագիտական աշխարհի իր ազդեցիկ կապերը գործի դնելով Միքայելյանին հաջողվել է մարդասիրական օգնության աշխատանքներ համակարգել:
.png)